Գայլ, Գորշ Գայլ կամ Մոխրագույն գայլ՝ շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։ Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով,շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով(5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղտահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։ [2]Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։ Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։ Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում: Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։
Комментариев нет:
Отправить комментарий